Սիսիանի Պատկերասրահ
1996թ–ին հիմնադրվել է Սիսիանի պատկերասրահը, որը Ազգային Պատկերասրահի մասնաճյուղն է։ Այստեղ կարելի է տեսնել 20-րդ դարասկզբից մինչև մեր ժամանակների հայ նկարիչների ստեղծագործություններ։
Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է 33 գեղանկարից և 3 քանդակներից։ Այստեղ ներկայացված են Եղիշե Թադևոսյանի, Փանոս Թերլեմեզյանի, Ռաֆայել Շիշմանյանի, Սեդրակ Առաքելյանի, Գաբրիել Գյուրջյանի, Խաչատուր Եսայանի, Զաքար Խաչատրյանի և այլոց ստեղծագործած բնանկարներ։
Մի շարք դիմանկարներ են զբաղեցնում իրենց տեղը ցուցադրությունում, որոնց մեջ են Ստեփան Աղաջանյանի, Հենրիկ Սիրավյանի, Ռաֆայել Աթոյանի, Աշոտ Մելքոնյանի աշխատանքները։ Հատուկ հետաքրքրություն է առաջացնում Փարավոն Միրզոյանի վրձնած բանաստեղծ Համո Սահյանի դիմանկարը:
Մեծ հետաքրքրություն են առաջացնում Էդվարդ Իսաբեկյանի էքսպրեսիվ, Մկրտիչ Քամալյանի գունագեղ ստեղծագործությունները, ինչպես նաև Ռուբեն Շահվերդյանի դեկորատիվ աշխատանքները:
Թանգարանում ցուցադրվում են նաև նատյուրմորտները. հենց այս ժանրով են ներկայացված Մարտիրոս Սարյանը, նրա գեղարվեստական սկզբունքների հետնորդներ Մհեր Աբեղյանը, Մարիամ Ասլամազյանը, Հարություն Կալենցը ու նաև միանգամայն այլ ուղիներով ընթացող Գոհար Ֆերմանյանը, Գրիգոր Խանջյանը, Հակոբ Հակոբյանը:
Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը՝ 11:00-17:40
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Հայերեն էքսկուրսիայի արժեքը 1500 դրամ է։
Մուտքի տոմս - 1000 դրամ։
Աշակերտական, ուսանողական, թոշակառու տոմս՝ 500 դրամ:
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքը անվճար է։